Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ռազմական լուծում չկա՝ Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետը:
Վիկտոր Օրբանը հավելել է, որ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու ԵՄ մտադրությունը միայն կսրի իրավիճակը: «Բուդապեշտը իրավունք ունի չհամաձայնելու ԵՄ առաջարկներին»,- հավելել է նա, մտահոգություն հայտնել, որ այդ գումարի կարիքը եվրոպացիներն էլ են զգում:
Օրբանը փոխզիջումային տարբերակ է առաջարկել՝ փետրվարի 1-ին Բրյուսելում չի խոչընդոտի Կիևին ֆինանսական միջոցների հատկացումը, եթե երաշխավորվի, որ եվրոպացի պաշտոնյաներն ամեն տարի քննարկելու են՝ շարունակե՞լ այդ գումարն ուղարկել Կիև, թե՞ ոչ:
«Ցավոք, որոշ երկրներ կարծում են, որ այս առաջարկի նպատակը ամեն տարի շանտաժի նոր առիթ ստանալն է»,- նշել է վարչապետը:
Օրբանը նաև կարծիք է հայտնել, թե Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ եվրոպական տնտեսության, հատկապես՝ գյուղատնտեսության համար։