Պեսկովը՝ Երևան Պուտինի հնարավոր այցի մասին

Պեսկովը՝ Երևան Պուտինի հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ հայ գործընկերներից՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի՝ այս միջազգային կանոնադրությանը միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, և մենք վճռական ենք տրամադրված»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Բրիտանական The Telegraph-ի լրագրողը ՀՀ վարչապետի հետ հարցազրույցում նրանից հետաքրքրվել էր՝ Հայաստանը՝ որպես Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր, արդյոք կձերբակալի՞ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի Երևան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տվյալ հարցը կարգավորվում է իրավական ընթացակարգերով. «Այդ թեմայով ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և, մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, որոնք ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ»:
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո։ Ռուսական կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել փաստաթուղթը վավերացնելու՝ Երևանի ծրագրերին։ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ «անօրինական դատական ​​օրդերների» ֆոնին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին