Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և անվտանգության մարտահրավերներին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին