Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահերը: Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: ԵՄ-ի և արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերություններում կարևորում եմ ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին վերաբերող հարցին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են նախ և առաջ ժողովրդավարության պատճառով:
«ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն առաջին հերթին արժեբանական են»,- իր խոսքում ընդգծել է վարչապետը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, վարչապետը նշել է, որ ստեղծվել է բարդ իրավիճակ:
«Մեր դիրքորոշումն էլ է բարդ: Այն, որ մենք Ալմա Աթայի հռչակագիրը ընդունում ենք որպես մե՛զ համար, բայց այն միայն մեզ համար չէ: Ալմա Աթայի հռչակագիրը ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան:
Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ:
Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը։