Մյունխենում կայացած համաժողովում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել արագացնել Ուկրաինային օգնությունը, քանի որ ժամանակը սպառվում է։ Իր ելույթում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախազգուշացրել է, որ Ուկրաինայի մարտադաշտում իրավիճակը կարող է արդեն «լուծվել 3 ամսում»՝ կոչ անելով անցնել պատերազմող երկրին աջակցության նոր մակարդակի, գրում է Euronews-ը:
Բրյուսելի պաշտոնյայի խոսքով, դաշինքի քաղաքական գործիչները և եվրոպական հասարակությունը դեռ չեն հասկացել, որ իրենք «պատերազմական վիճակում են», և ժամանակ չկա կանոնավոր գագաթնաժողովների համար:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ ԵՄ-ն «չի կարող աշխարհաքաղաքական դեր խաղալ, քանի դեռ պատրաստ չէ իրեն պաշտպանել»՝ նշելով, որ այսօր միացյալ Եվրոպայի առաջ ծառացած աշխարհաքաղաքական ամենակարևոր մարտահրավերները վերաբերում են Ուկրաինային, Գազայի հատվածին և գլոբալ հարավին, ինչպես նաև սեփական պաշտպանունակությանը:
Ելույթ ունենալով Մյունխենում կայացած 7-րդ համաժողովում, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նույնպես կոչ է արել Եվրամիությանն ակտիվացնել իր գործողությունները Ուկրաինային օգնության հարցում: Վարչապետը նշել է, որ իր երկիրը «ամբողջ հրետանին» փոխանցել է Ուկրաինային՝ հավելելով, որ եվրոպացիները չպետք է սպասեն Կիևին օգնության փաթեթի շուրջ ԱՄՆ Կոնգրեսում տիրող իրավիճակի լուծմանը, և իրենք պետք է ավելի ակտիվ դեր խաղան: