Ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են հրթիռներով և անօդաչու սարքերով, գնդակոծվել է Կրամատորսկը և Դրուժկովկան։ Առնվազն 4 հրթիռ պայթել է քաղաքի կենտրոնին շատ մոտ, տուժել են մարդիկ, վնասվել են բնակելի շենքեր:
Ընդհանուր առմամբ, չորեքշաբթի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 6 հրթիռ և 19 «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարք: Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է 1 հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք։
Մոսկվան պնդում է, որ իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի Կրինկի գյուղը, որը գտնվում է Դնեպրի ձախ ափին։ Այս մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հարավային Ուկրաինայի պաշտպանության ուժերը հերքել են այս հայտարարությունը՝ այն անվանելով մանիպուլյացիա:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել այն մասին, որ առնվազն 60 ռուս զինծառայող է զոհվել, երբ երկու ուկրաինական հրթիռներով հարվածել են ՌԴ վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ուկրաինայի զորավարժարանին: Հարձակումը տեղի է ունեցել Շոյգուի հետ Պուտինի հանդիպումից մի քանի ժամ առաջ։
ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայում բախումների գոտում որսացել են Ուկրաինայի զինված ուժերի 99 անօդաչու թռչող սարք, 12 HIMARS ռեակտիվ արկ և JDAM կառավարվող ավիառումբ։