2023 թվականի և ընդհանրապես մեր նորագույն պատմության շրջադարձային կետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին և ԼՂ հայաթափումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Վարչապետի խոսքով՝ այսօր տեղի ունեցածը ցանկանում է դիտարկել այս տեսանկյունից՝ արձանագրելով, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը «մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների»:
«Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել: Միջազգային հանրությունը, միջազգային դերակատարները կարող են անել գործի 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը, եթե, իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել»,- ասաց նա:
«Պիտի նորից ընդգծեմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, ՀՀ լուծարային հանձնաժողով:
Նրա խոսքով՝ այդ դավադրության իրագործումը չիրականացավ մի քանի պատճառով:
«Պատճառներից առաջինը ՀՀ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության և կառավարող մեծամասնության գնահատականներին: Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: Հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն:
Նույնը, ցավոք, չենք կարող ասել ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից:
Ասել եմ ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն, Հայաստանում կա մեկ կառավարություն, որը հիմա նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով, որը նստած է այս դահլիճում»,- ընդգծեց վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին