Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա

Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա


ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային և հաստատակամ աջակցությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր, համապարփակ կոնվենցիայի մշակմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Ընդգծվել է միջազգային իրավական շրջանակի ամրապնդման, ոճրագործությունների կանխարգելման, պատասխանատվության ապահովման, ինչպես նաև տուժածների և վերապրածների համար արդարադատության անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև կանխարգելման առանցքային դերը՝ ուշադրություն հրավիրելով ՄԱԿ շրջանակներում Հայաստանի շարունակական ջանքերին, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, Մարդու իրավունքների խորհրդի՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևերին։

Կանխարգելման օրակարգի ամրապնդման և առկա բացերը քննարկելու համատեքստում կարևորվել է Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ գլոբալ ֆորումը՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 80-ամյակին: Ընդգծելով միջազգային իրավունքի գործող շրջանակների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, Ցեղասպանության կոնվենցիայի և Ժնևի կոնվենցիաների հետ փոխլրացման կարևորությունը՝ Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա։