Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ԱԺ խորհուրդը ներկայացրել է նախագիծը 24-ժամյա ռեժիմով անցկացնելու առաջարկ:
Հիմնական զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ: Սա, ըստ պատգամավորի, ոչ ճիշտ և ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք և հետևանք է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության:
«Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, և մեր ճակատագրերը միշտ խաչվել են, և մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել ենք նույն իրավիճակներին և հայտնվել նույն իրավիճակներում:
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթությանը, 2014 թվականի ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը:
2015-ին ՀՀ ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ ևս դատապարտեցին, և 2018-ին ՀՀ ԱԺ-ն հայտարարությամբ ևս դատապարտեց եզդիների ցեղասպանությունն Իրաքում: Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ ՀՀ-ի համար, որովհետև տասնյակ պետություններ դատապարտել են եզդիների ցեղասպանությունը, բայց սա առաջին դեպքն է, երբ որևէ պետություն իր օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը՝ որպես Հիշատակի օր:
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են իսլամիստների ձեռքում, և նրանց ճակատագրերն անհայտ են: 100 հազարավոր եզդիներ դեռ գտնվում են ճամբարներում: Այն, ինչ 21-րդ դարում գտնվում է մեր աչքի առաջ, անընդունելի եմ համարում»,- ասաց Ռուստամ Բաքոյանը:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին