ԱՄՆ-ը շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում մի շարք խնդիրներ լուծելու համար․ Միլլեր

ԱՄՆ-ը շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում մի շարք խնդիրներ լուծելու համար․ Միլլեր



ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։
«Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը:
Պետքարտուղարի օգնականը այսօր մեկնում է Բաքու։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Բաքվում Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման առանցքային թեմաները կլինեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- հայտնել են պետքարտուղարությունից: