ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Նոր Օռլեանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Նա ասել է, որ ճեղքումն «իրական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», իսկ ԱՄՆ-ն «ուղիղ և մշտական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես կարող ասել այս մասին, քանի դեռ իրադարձությունները զարգանում են», – նշել է ԱՄՆ նախագահը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես խոսել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ քննարկել է ռազմաճակատի վերջին իրադարձություններն ու հակահարձակումը Կուրսկի մերձակայքում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հաստատել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ուկրաինացի ժողովրդի պայքարին։ «Պուտինը չկարողացավ կոտրել Ուկրաինայի դիմադրությունն իր անհիմն ներխուժմանը և այժմ ստիպված է նահանջել ռուսական տարածքում»,- ասել է նա։