Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պուտին

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հայտարարությամբ է հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք հարցերի լայն շրջանակ։ Ընդունված համատեղ հայտարարությունում արձանագրված են նոր խնդիրներ երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկ զարգացման համար։ Դրանց լուծմանը կնպաստեն նաև այսօր ստորագրված փաստաթղթերը։

Բանակցությունների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ընլայնմանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը միմյանց համար կարևոր տնտեսական գործընկերներ են: Ռուսաստանը ադրբեջանական տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն է, և մենք միայն ուրախ ենք դրա համար»,- շեշտել է Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ ռուսական ընկերությունները՝ «Լուկօյլը», «ԿամԱԶը», «Սոլլերսը», «Ուազը», բավականին «հարմարավետ են զգում» ադրբեջանական շուկայում։ Նրանք հաջողությամբ են աշխատում, և զարգացման հեռանկարներ կան։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ չի անտեսվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ներկայիս վիճակը։

«Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել ադրբեջանա-հայկական փոխգործակցության կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ 2020-2022 թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Մենք պատրաստ ենք նաև աջակցել սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը՝ նկատի ունենալով, որ ունենք խորհրդային շրջանի համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև անդրսահմանային ուղիների ապաշրջափակմանը և հումանիտար կապերի հաստատմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասում տևական խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների հիմնարար շահերին»,-  ասել է ՌԴ նախագահը։