Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ երկրորդ գագաթնաժողովը Գլոբալ հարավի երկրներից Հնդկաստանում անցկացնելու գաղափարին:
Զելենսկին կիրակի՝ օգոստոսի 25-ին, հնդիկ լրագրողների հետ հարցազրույցում ասել է, որ այս գաղափարը քննարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ, որը երկու օր առաջ այցելել էր Կիև։
Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Նյու Դելին չի ստորագրել Շվեյցարիայում կայացած նախորդ հանդիպման մասնակիցների վերջնական հայտարարությունը։ «Մենք չենք կարող խաղաղության գագաթնաժողով անցկացնել մի երկրում, որը դեռ չի միացել առաջին գագաթնաժողովի կոմյունիկեին»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խաղաղության նոր գագաթնաժողով կազմակերպելու հարցով բանակցություններ են ընթանում նաև Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի և Շվեյցարիայի հետ։
Ուկրաինայում պատերազմի խաղաղ ավարտի ուղիներ գտնելու վերաբերյալ առաջին գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել հունիսին՝ Լյուցեռնի մոտակայքում գտնվող շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում, մասնակցել է ավելի քան 90 երկրի ներկայացուցիչ։ Ռուսաստանը հրավիրված չի եղել միջոցառմանը:
Ավելի ուշ Զելենսկին կողմ է արտահայտվել հաջորդ գագաթնաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությանը։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան «չի պատրաստվում» մասնակցել այնպիսի միջոցառումներին, ինչպիսին Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովն է։