Ուկրաինան բալիստիկ հրթիռ է ստեղծել. Զելենսկի

Ուկրաինան բալիստիկ հրթիռ է ստեղծել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հաջողությամբ փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը։ 

«Մենք աստիճանաբար մոտենում ենք մեր սեփական հրթիռներն օգտագործելու կարողությանը, այլ ոչ թե հույսը դնում միայն գործընկերների մատակարարումների վրա»,- ասել է նախագահը:

Ուկրաինական բանակն իր զինանոցում արդեն ունի բալիստիկ հրթիռներ։ Դրանք խորհրդային «Տոչկա-Ու» համակարգերն են՝ ընդամենը 120 կմ հեռահարությամբ և շատ սահմանափակ քանակությամբ հրթիռներով։ Ուկրաինայի զինված ուժերն ունեն նաև ամերիկյան ATACMS-ը, որը կարող է հարվածել 300 կմ հեռու, սակայն Սպիտակ տունը արգելում է Կիևին դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում։

Արձակումից հետո վերջնական փուլում բալիստիկ հրթիռը թիրախը գրոհում է գրեթե ուղղահայաց, և դա անում է մեծ արագությամբ՝ հակաօդային պաշտպանությանը այն խոցելու շատ քիչ հնարավորություն տալով:

Նման հրթիռները կարող են արձակվել ցամաքում տեղակայված ստացիոնար կայաններից կամ շարժական կայանքներից, ինչպես նաև նավերից, սուզանավերից և ինքնաթիռներից: Հրթիռները կարող են կրել բարձր պայթյունավտանգ բեկորներ, կլաստերային և նույնիսկ միջուկային մարտագլխիկներ։

Ըստ հեռահարության՝ բալիստիկ հրթիռները բաժանվում են փոքր հեռահարության (250-1000 կմ), միջին հեռահարության (1000-2500-4500 կմ) և միջմայրցամաքային (4500-6000 կմ):

Ռուսաստանն Ուկրաինայի ամենակարևոր թիրախների ոչնչացման համար կիրառում է հենց բալիստիկ հրթիռներ, ավելի հաճախ՝ «Իսկանդեր-Մ»-ը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին վկայել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 1300 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ, որից միայն 56-ն են խոցվել։