Այսօրվա այս մեր գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է Ալմա Աթայի 1991-ի համաձայնագրի դրույթները, համաձայն որի՝ հստակեցված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործող սահմանը, և սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը, այդ թվում՝ տեխնիկական մասը: Այս մասին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ասաց խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի վերաբերյալ ելույթում:
«Մենք այսօր ևս մեկ անգամ ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու»,- ասաց նա:
Արշակյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ այդ կարևորագույն աշխատանքն իրականացնելու համար, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանը հետևողականորեն դեպի խաղաղ հանգրվան տանելու առաջնորդության համար:
«Սա հեշտ ճանապարհ չէ, սա բարդ ճանապարհ է, սա զոհողությունների ճանապարհ է: Բայց միևնույն ժամանակ սա հաղթանակի, խաղաղության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանապարհ է»,- հայտարարեց Արշակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր հայտարարել են՝ չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:
Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: