«Լիբանանին, որտեղից իսրայելական հարձակումների պատճառով տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ, զանգվածային օգնություն է անհրաժեշտ»,- ասել է նախագահ Էմանուել Մակրոնն ու խոստացել է 100 միլիոն եվրո (108 միլիոն դոլար) տրամադրել Բեյրութին:
Հինգշաբթի ելույթ ունենալով միջազգային համաժողովում՝ Մակրոնը դատապարտել է Իսրայելին Լիբանանում իր ռազմական հարձակումը շարունակելու համար և կրկնել է հրադադարի իր կոչը՝ գրում է Al Jazeera-ն։
Մակրոնը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հյուրընկալել է ավելի քան 70 երկրի և միջազգային կազմակերպության, այդ թվում՝ Եվրամիության և տարածաշրջանային գործընկերների նախարարներին ու պաշտոնյաներին, որպեսզի նվիրատվություններ հավաքի լիբանանյան կառավարության համար:
ՄԱԿ-ի տվյալով՝ Լիբանանը շտապ 400 միլիոն դոլարի օգնության կարիք ունի:
Փարիզի համաժողովը նպատակ է ունեցել նաև համակարգել միջազգային աջակցությունը Լիբանանի բանակն ուժեղացնելու համար, որպեսզի նրանք կարողանան տեղակայվել երկրի հարավում՝ որպես պատերազմի ավարտի հնարավոր գործարքի մաս: Նման գործարքը կարող է հանգեցնել նրան, որ «Հըզբոլլահը» դուրս կբերի իր ուժերը սահմանից:
Ելույթ ունենալով համաժողովում՝ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ասել է, որ իր կառավարությունը որոշել է ավելի շատ զորք հավաքել և կարող է տեղակայել 8000 զինվոր՝ որպես զինադադարի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մի մաս, որը կոչ է անում բանակ տեղակայել հարավային Լիբանանում։
Նա հավելել է, որ իր երկիրը միջազգային նյութական աջակցության կարիք ունի՝ բանակը զինելու և մարզելու համար։
Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը լրագրողներին ասել է, որ 27 երկրի դաշինքը լիբանանյան բանակին այս տարի կտրամադրի 20 միլիոն եվրո (21,59 միլիոն դոլար), իսկ հաջորդ տարի՝ 40 միլիոն (43,18 միլիոն դոլար):