Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի՝ իր օդային տարածքով Իրանին հարվածելու համար

Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի՝ իր օդային տարածքով Իրանին հարվածելու համար

Բաղդադը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Իսրայելի դեմ, որն Իրաքի օդային տարածքն օգտագործել է Իրանին հարվածելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրի կառավարությունը նշել է, որ Իրաքը թույլ չի տալիս իր օդային և ցամաքային տարածքներն օգտագործել այլ երկրների վրա հարձակվելու համար։ Պաշտոնական բողոքի նոտա է ուղարկվել գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Ի պատասխան հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հրթիռային հարձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էր հասցրել Իրանին։

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հոկտեմբերի 26-ի օդային հարձակման արդյունքում ոչնչացվել են Իրանի հեռահար զենիթային հրթիռների բոլոր մարտկոցները՝ Թեհրանին զրկելով իր ռազմավարական պաշտպանական հնարավորություններից։ Կորցրած ներուժի վերականգնումը կարող է մի քանի տարի տևել։

Իրանը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը: «Իսրայելի հարվածն Իրանին ոչ մի կերպ չի ազդել Իսլամական Հանրապետության պաշտպանական ներուժի վրա»,- հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում վերանայել միջուկային դոկտրինը իր տարածքին Իսրայելի վերջերս հասցված հարվածի ֆոնին՝ դրան տալով ռազմական բնույթ։