Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն. Խանդանյան

Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն. Խանդանյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հնարավոր ռազմավարական գործարքի կնքմանը, որի մասին հիշատակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է՝ այն նույն սկզբունքները, որի մասին խոսում ենք, և որոնք հիմքն են խաղաղության պայմանագրի, ապաշրջափակման, սահմանազատման շուրջ բանակցությունների, այն, որ երկրները փոխադարձաբար պետք է ճանաչեն և, ըստ էության, սահմանազատման կանոնակարգով դա նաև միջազգային պայմանագրի տեսքով ֆիքսվեց, փոխադարձ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. չեն խառնվում միմյանց ներքին գործերին և փորձում են նորմալացնել հարաբերությունները, որպեսզի այդ հարաբերությունների կարգավորումը շահավետ լինի երկու կողմերի համար էլ, և այս կոնտեքստում շատ կարևոր է հենց ապաշրջափակման կտորը, որովհետև ապաշրջափակման դեպքում տեղի են ունենալու շարժեր՝ կոմունիկացիոն, լոգիստիկ շարժեր, որոնք օգուտներ են բերելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- պարզաբանեց Խանդանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում առանձին նաև ռազմավարական գործարք կնքել, եթե խաղաղության պայմանագրում այդ ամենը կա, պատգամավորն արձագանքեց. ««Ռազմավարական գործարք» ասելիս խոսքը փաստաթուղթ կնքելու մասին չէ, խոսքը այդ բոլոր բանակցությունների և քննարկվող իրողությունների, թեմաների շրջանակների այնպիսի տրամաբանություն հաղորդելը պետք է լինի, որ ի վերջո դրանք փոխշահավետ լինեն»:
 
Հարցին՝ եթե ՀՀ վարչապետը խոսում է փոխադարձ, ընդունելի լուծման մասին, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն արդեն հրաժարվել է միջանցք պահանջելու օրակարգից, Խանդանյանն ասաց՝ հիմա պետք է սպասեն Բաքվի՝ ավելի նյութական արձագանքին, հետո նոր եզրահանգումներ անեն:
 
«Ինչպես գիտեք, Հայաստանի համար նման լուծումը անընդունելի է, և երբ որ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին կամ փոխադարձաբար ընդունելի լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն»,- ընդգծեց պատգամավորը: 
 
Նա հայտնեց, որ ապաշրջափակման հարցով բանակցել են երկու երկրների փոխվարչապետները, իսկ թե ինչ խողովակներով են ուղարկվել առաջարկները, դժվարացավ պատասխանել: