«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»:
Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս պաշտոնից ազատման դիմում է գրել:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատման մասին լուրերին ի պատասխան էլ կոմիտեից հայտնել են, թե օրվա ընթացքում կհրապարակվի համապատասխան տեղեկատվությունը: