Ուկրաինան ունի ընդամենը 50 ամերիկյան ATACMS հրթիռ. The Times

Ուկրաինան ունի ընդամենը 50 ամերիկյան ATACMS հրթիռ. The Times

Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times պարբերականը։

Պարբերականը նաև նշել է, որ «Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և այլ հրթիռային կայաններ՝ դրանք արձակելու համար»:

Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 300 կմ շառավղով ATACMS հրթիռները կարող են սպառնալ մոտ 245 ռուսական ռազմական օբյեկտի՝ ավիաբազաներից մինչև զինամթերքի պահեստներ։

Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հրաժարվել է հաստատել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հրթիռներ օգտագործել ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։

Նա նաև հրաժարվել է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Բրյանսկի շրջանում ATACMS հրթիռներ են խոցվել։ Երեքշաբթի ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան արտադրության 6 ATACMS հրթիռով հարձակվել են Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի վրա, խոցվել է հինգ հրթիռ, մեկը՝ վնասվել։