ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի հարցը կքննարկեն դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը

ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վրացական հարցը, իսկ հաջորդ շաբաթվա վերջին տեղի կունենա քննարկում պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:

«Վրաստանում բռնության, դաժանության մակարդակը բացարձակապես անընդունելի է և անթույլատրելի: Կարծում եմ, որ Եվրոպայի մայրաքաղաքներում մեզանից շատերն ընդունում են, որ եկել է գործելու ժամանակը»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Հերչինսկին։

Նա նշել է, որ Եվրամիության արտաքին գործերի բարձր հանձնակատար Կայա Կալասը վերջերս խոսել է Վրաստանի համար ներկա իրավիճակի հետևանքների մասին։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպան Հերչինսկուն մեղադրել էր վրացական ընդդիմությանն աջակցելու համար։