ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչելու Սիրիայի կառավարությունը մի շարք սկզբունքների պահպանման դեպքում

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ճանաչելու և աջակցելու Սիրիայի նոր կառավարությանը, եթե այն ձևավորվի ներառականության հիման վրա և առանց արտաքին միջամտության, երեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա հավելել է, որ «անցումը պետք է հանգեցնի վստահելի, ներառական և աշխարհիկ կառավարման, որը կհամապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափանիշներին»:

Անցյալ շաբաթ Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն, որը կգործի երեք ամիս։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորելու է Մուհամեդ Բաշիրը, որը նախկինում գլխավորել է այսպես կոչված ազգային փրկության կառավարությունը։ Նա ինժեներ է, ունի նաև կրոնական կրթություն։

Մուհամեդ Բաշիրն իր համաքաղաքացիներին խոստացել է կայունություն և խաղաղություն։