Աշխարհի քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Աշխարհի քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը


Աշխարհի քրիստոնյաների մի մասը դեկտեմբերի 25-ին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Նախօրեին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Արքայական դռները՝ քրիստոնեության հոբելյանական տարվան ընդառաջ, որը նշվելու է հաջորդ տարվա ընթացքում:

Սուրբ դռների բացմամբ՝ (վերջին անգամ դրանք բացվել են 2015 թվականին), Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2025 թվականը պաշտոնապես հռչակել է հոբելյանական կամ սուրբ տարի՝ վերականգնելով հավատացյալներին Հռոմ ուխտագնացության կոչելու ավանդույթը։ Հաջորդ տարի Իտալիայի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան 30 միլիոն հյուր։

Երեքշաբթի երեկոյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցել և կրկին հիշել պատերազմի զոհերին։

«Մենք մտածում ենք պատերազմների, զոհված երեխաների, դպրոցների ու հիվանդանոցների ռմբակոծությունների մասին»,- ասել է Ֆրանցիսկոս Պապն իր քարոզում:

Չորեքշաբթի կեսօրին հովվապետը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ավանդաբար ուղերձ է հղելու քաղաքին ու աշխարհին:

Այս օրերին Հռոմում և Վատիկանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակման ֆոնին։