ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական «ստվերային նավատորմի» դեմ. Reuters

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական «ստվերային նավատորմի» դեմ. Reuters


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որը հունվարի 20-ին լքում է Սպիտակ տունը, մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ տեղափոխող լցանավերի դեմ՝ կապված Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներին։

Մասնավորապես, սահմանափակումները պետք է վերաբերեն լցանավերին, որոնք տեղափոխում են Արևմուտքի սահմանած մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով վաճառված նավթը, և որոնք ներառված են Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մեջ։

Ռուսական «ստվերային նավատորմը» վերաբերում է օտարերկրյա դրոշներով նավարկող լցանավերին, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի պատերազմի հետ կապված նավթային էմբարգոն շրջանցելու համար։ «Ստվերային նավատորմն» օգտագործում է հիմնականում հին և հաճախ չապահովագրված լցանավեր:

Պատժամիջոցներ, ամենայն հավանականությամբ, կկիրառվեն նաև այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են որոշ ցանցերում նավթի` սահմանված չափից բարձր գներով առևտուր անելու համար: