Պանաման դուրս կգա Չինաստանի ներկայիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը ներառում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո:
Պանամայի նախագահը հավելել է, որ իր կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը, և կուսումնասիրեն նախագիծը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու հնարավորությունը:
Խոսե Ռաուլ Մուլինոյի խոսքով՝ Ռուբիոն «Պանամայի ջրանցքն ԱՄՆ-ի կառավարմանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» մասին իրական սպառնալիք չի հայտնել, սակայն տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է պայմանագրի խախտում, որով Վաշինգտոնը ջրանցքի վերահսկողությունը փոխանցել է Պանամային: «Պեկինի ազդեցությունը նավագնացության կարևոր ուղու վրա առաջին հերթին խախտում է Միացյալ Նահանգների կառուցած ջրանցքի «մշտական չեզոքության» վերաբերյալ պարտավորությունները՝ Վաշինգտոնի և Պանամայի միջև կնքված պայմանագրերով, ուստի դրա օգտագործման փոփոխությունները պետք է տեղի ունենան «անհապաղ», պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:
Մուլինոն Վաշինգտոնի հետ երկխոսությունը դրական է անվանել։ «Կասկած չկա, որ ջրանցքը գտնվում է Պանամայի վերահսկողության տակ, և այդ կարգավիճակը կմնա անփոփոխ»,- պարզաբանել է Պանամայի նախագահը։ Երկու երկրները պայմանավորվել են ստեղծել երկկողմ տեխնիկական խումբ՝ նավահանգիստներում իրավիճակն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։