Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներով նավը խորտակվել է Սև ծովում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո

Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներով նավը խորտակվել է Սև ծովում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո


Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Խորև» առևտրային նավը, որում եղել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում ՝ կասկածելի անօդաչու թռչող սարքի հարվածից հետո:

Ռումինիայի ռազմածովային իշխանությունների տվյալներով՝ նավում եղել է 13 մարդ՝ Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացի։ Նշվում է, որ նավաստիներից մեկը մահացել է, 3-ն անհետ կորել են, իսկ 9-ը՝ փրկվել: Մահացածի քաղաքացիությունը դեռ չի հրապարակվել։

Նախնական տվյալներով ՝ անօդաչուն խոցել է նավը, ինչից հետո նավում հրդեհ է բռնկվել, և այն խորտակվել է: Դեպքի վերջնական պատճառը դեռևս պարզված չէ։

Որոնողափրկարարական աշխատանքների համակարգումն իրականացնում է Ռումինիայի ռազմածովային գերատեսչությունը: Գործողությանը մասնակցում են նաև առափնյա պահպանությունը և ծովում մարդկանց փրկության ռումինական գործակալությունը: Երեք անհետ կորած նավաստիներին գտնելու համար դեպքի վայր են ուղարկվել փրկարարական նավեր։

Դեպքը տեղի է ունեցել Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից մոտավորապես 13 ծովային մղոն հեռու։ Ինչպես նշում է Digi24-ը, նավը գտնվել է Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, բայց երկրի ծովային սահմանին մոտ։ Կասկածելի անօդաչու թռչող սարքի ծագումը դեռևս հաստատված չէ։