Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին. Reuters

Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին. Reuters


Պեկինը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հսկողություն հաստատելու Թրամփի փորձերին՝, հինգշաբթի հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով մարդկանց հարկադիր տեղաշարժի դեմ Պեկինի դիրքորոշումը:

«Չինաստանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի օրինական ազգային իրավունքներին»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։

Երեքշաբթի Թրամփն առաջարկել էր ԱՄՆ-ի հսկողության տակ վերցնել Գազայի հատվածը, իսկ անկլավում գտնվող պաղեստինցիներին՝ ընդմիշտ հեռանալ տարածաշրջանից: Պաղեստինցի և արաբ առաջնորդները հրապարակայնորեն մերժել են Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ պաղեստինցիները պետք է տեղափոխվեն Եգիպտոս ու Հորդանան:

Աշխարհի մյուս առաջնորդներն էլ հայտարարել են, որ աջակցում են երկու պետության ստեղծման մասին որոշմանը, որը նախատեսում է Իսրայելի և Պաղեստինի համակեցություն:

«Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ երկու պետություն ստեղծելու մասին որոշումը որպես հիմնարար ելք ընդունելու և պաղեստինյան խնդիրը շուտափույթ ու արդար քաղաքական կարգավորման հասցնելու համար»,- ասել է Գուոն: «Գազան պաղեստինցիների Գազան է, պաղեստինյան տարածքի անբաժանելի մասը, այլ ոչ թե քաղաքական սակարկության առարկա, էլ չասած՝ ջունգլիների օրենքի թիրախ»,- նշել է խոսնակը:

2023 թվականի վերջին Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել  օգնել վերականգնելու երկու պետության համակեցության մասին որոշումը:

«Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի պաղեստինցի ժողովրդի կամքի ու անկախ ընտրության հարգանքի վրա և այն չպետք է պարտադրվի»,- ասվում է փաստաթղթում: