ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը՝ ուղղված պողպատի և ալյումինի արդյունաբերության պաշտպանությանը, չի հանգեցնի տնտեսական աճի և միայն կթուլացնի երկիրը, գրում է Bloomberg-ը։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում պողպատի և ալյումինի ներմուծման հանդեպ, իսկ երեքշաբթի նա կհայտարարի հայելային մաքսատուրքերի մասին՝ Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների համար:
«Պողպատը և ալյումինը պաշտպանելու փորձը՝ որպես պետության հզորացման միջոց, դատապարտված նախագիծ է, այն Ամերիկան կդարձնի ոչ թե ավելի ուժեղ, այլ՝ ավելի թույլ»,- նշում է պարբերականը և հավելում.
«Նման միջոցներն ավելի շատ վնասում են Վաշինգտոնի դաշնակիցներին, քան նրա աշխարհաքաղաքական մրցակիցներին։ ԱՄՆ-ի պողպատի ներմուծման 80%-ը բաժին է ընկնում Կանադային, Մեքսիկային, ԵՄ-ին, Բրազիլիային, Հարավային Կորեային, Ճապոնիային և Թայվանին, իսկ ալյումինի ներմուծման մոտ 70%-ը՝ Պարսից ծոցի երկրներին»,- նշել է պարբերականը:
Սպասվում են պատասխան սահմանափակումներ Թրամփի որոշումներին: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Եվրահանձնաժողովին կոչ է արել անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահը ԵՄ-ից ապրանքների համար առևտրային տուրքեր կիրառի։ Հարավային Կորեայի առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունն էլ հայտարարել է, որ որ ակտիվորեն արձագանքելու է ԱՄՆ գործողություններին: