Մոլդովայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվելու է ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը՝ «Ռուսական տունը»: Այս մասին հինգշաբթի հայտնել է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ռուսական հարվածային անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը միակողմանի որոշել է չեղյալ հայտարարել 1998 թ. կնքված Մոլդովա-ռուսական միջկառավարական համաձայնագիրը՝ մշակութային կենտրոնների ստեղծման ու դրանց գործունեության մասին:
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել էր, որ ուկրաինական Օդեսայի շրջանի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ երկու անօդաչու թռչող սարք թռել է Մոլդովայի տարածք և այնտեղ էլ պայթել։ Տուժածներ չկան։
ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը շտապ կանչվել է Մոլդովայի ԱԳՆ։ Մոլդովական կողմը խիստ բողոք է հայտնել խախտումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նման միջադեպերը լուրջ վտանգ են ներկայացնում Մոլդովայի անվտանգությանը, հանրապետության քաղաքացիներին, ոտնահարում են ազգային ինքնիշխանությունը: Այն գնահատվել է որպես «ՌԴ հերթական ոչ բարեկամական ժեստ»։ Հաղորդվում է, որ դեսպանին ցուցադրվել են անօդաչու թռչող սարքերի բեկորները։
Մոսկվան դեռ չի արձագանքել մոլդովական կողմի որոշմանը: