Զելենսկին «պատրաստ է ստորագրելու» համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ. BBC

Զելենսկին «պատրաստ է ստորագրելու» համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ. BBC


Բրիտանական BBC լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախկինի պես «պատրաստ է ստորագրելու» Կիևի ու Վաշինգտոնի միջև օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագիրը և ցանկանում է «կառուցողական երկխոսություն» վարել ԱՄՆ-ի հետ:

«Ես պարզապես ուզում եմ, որ ուկրաինական դիրքորոշումը լսելի լինի, որ մեր գործընկերները հիշեն, թե ով է ագրեսորը այս պատերազմում»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։

Ելույթ ունենալով մարտի 2-ին Լոնդոնում կայացած եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո՝ Զելենսկին նշել է, որ Վաշինգտոնում իր վերջին հանդիպման բնույթը օգուտ չի տա ոչ ԱՄՆ-ին, ոչ Ուկրաինային՝ որպես գործընկերների, դրանից կշահի միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինայի առաջնորդը հայտնել է նաև, որ կվերադառնա Սպիտակ տուն, եթե իրեն հրավիրեն։

Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը ներկայումս բանակցությունների սեղանին չէ: «Կարծում եմ, մենք պետք է տեսնենք, թե արդյոք նախագահ Զելենսկին ցանկանում է շարունակել խաղաղ կարգավորումը: Ի՞նչ օգուտ տնտեսական համաձայնագրից, որն անվավեր կդառնա, եթե ռազմական գործողությունները շարունակվեն։ Նախագահ Թրամփը ցանկանում է խաղաղության համաձայնագիր»,- հայտարարել է Բեսենթը։ Նրա խոսքով ՝ «այն ամենը, ինչ պետք է աներ նախագահ Զելենսկին, գալ ու ստորագրել այդ տնտեսական համաձայնագիրը», իսկ նա «որոշեց փչացնել ամեն ինչ»: