Ադրբեջանը և Իրանը փոխըմբռնման յոթ հուշագիր են ստորագրել

Ադրբեջանը և Իրանը փոխըմբռնման յոթ հուշագիր են ստորագրել


Իրանի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում է: Մասուդ Փեզեշքիանին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետը: Իրանի նախագահը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների այցն ու մասնակցությունը բանակցություններին ուղղված են երկու երկրի միջև կապերի, միասնության և համախմբվածության ամրապնդմանը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։ Կողմերը շեշտել են, որ Ադրբեջանն ու Իրանը կողմ են, որ տարածաշրջանային խնդիրները լուծեն տարածաշրջանի երկրները։ Այս համատեքստում ընդգծվել է համագործակցության «3+3» ձևաչափի կարևորությունը։

Կողմերը ստորագրել են փոխըմբռնման յոթ հուշագիր քաղաքական խորհրդակցությունների, տրանսպորտի, մշակութային փոխանակումների, առողջապահության, զանգվածային լրատվության և ներդրումների վերաբերյալ:Այնուհետև նախագահնեը հանդես են եկել հայտարարություններով: Իրանի նախագահը հայտարարել է, որ կշարունակեն զարգացնել հարաբերությունները:

«Մենք կարող ենք սովորել միմյանց փորձից շատ հարցերում: Մենք կարող ենք միասին լուծել մեր խնդիրները»,- ընդգծել է Փեզեշքիանը՝ հավելելով՝ չենք կարող թույլ տալ, որ մեր միջև տարաձայնություններ սերմանվեն:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։