«Ամերիկան գնում է դեպի «ոսկե դարաշրջան»՝ ցածր սպառողական գներով, ավելի բարձր աշխատավարձերով և «աշխարհի պատմության մեջ լավագույն տնտեսությամբ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքից հյուսիս գտնվող Ուորեն քաղաքում։ Նա խոստացել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին իր վարչակազմը կներկայացնի «ամերիկյան պատմության մեջ ամենամեծ հարկային կրճատումը»։
Ըստ ԶԼՄ-երի՝ Թրամփը որոշել է պետական բարձրագույն պաշտոնին իր երկրորդ պաշտոնավարման առաջին 100 օրը նշել նախընտրական հանրահավաքի ոճով։
Որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ՝ իր հաջողությունների շարքում Թրամփը, ի թիվս այլ բաների, թվարկել է գնաճի կրճատումը, «անօրինական ներգաղթի» դեմ պայքարը։ Միաժամանակ, Դոնալդ Թրամփը քննադատել է դեմոկրատական ճամբարից իր քաղաքական հակառակորդներին, նաև «ձախ արմատական դատավորներին», որոնք, իբր, փորձում են խանգարել իրականացնելու իր քաղաքականությունը, ինչպես նաև «կողմնակալ լրատվամիջոցներին»։
Խոսելով միգրացիայի մասին՝ Թրամփն ասել է, որ «ներխուժողներին հեռացնելը» միայն իր նախընտրական խոստումը չէ։ «Սա իմ սրբազան պարտականությունն է որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ես պարտավոր եմ փրկել մեր երկիրը»,- ընդգծել է նա։
Ամերիկյան տարբեր լրատվամիջոցների վերջերս հրապարակած հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների միայն մոտ 40%-ն է ներկայումս հավանություն տալիս Դոնալդ Թրամփի քաղաքականությանն ամերիկյան պետության ղեկավարի պաշտոնում։ Ինքը՝ Թրամփը, այդ հարցումներն անվանում է «կեղծ» և պնդում է, որ վայելում է բնակչության 60%-ի աջակցությունը։