ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտում է աշխատանքը որոշակի երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի նոր արգելքի վերաբերյալ, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ առաջարկվող «կարմիր ցուցակում», հիմնականում ներգրավված են լինելու այն պետությունները, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելվել էր ավելի վաղ՝ Թրամփի նախկին վարչակազմի օրոք։
New York Times-ը պարզաբանում է, որ նախորդ անգամ նման երկրների թվում էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը, այժմ կընդգրկեն նաև Աֆղանստանը։
Նշվում է, որ նախատեսվում է նաև ստեղծել «նարնջագույն ցուցակ», որում ներառված երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ կսահմանափակվի, բայց ամբողջությամբ չի արգելվի։ Նման երկրների դիմորդների հետ կանցկացվի դեմ առ դեմ հարցազրույց:
Երրորդ՝ «դեղին» խմբում ընդգրկված երկրներին 60 օր ժամանակ կտրվի հայտնաբերված որոշ թերություններ շտկելու համար, հակառակ դեպքում դրանք կհայտնվեն կարմիր կամ նարնջագույն ցուցակում, նշում են աղբյուրները։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք արգելքի տակ կհայտնվեն արդեն գործող ամերիկյան վիզաներ ունեցող մարդիկ, և արդյոք այդ վիզաները կչեղարկվեն: Պարզ չէ նաև, թե արդյոք դա վերաբերելու է ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն ստացած կանաչ քարտերի սեփականատերերին: