ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը գրեթե պայմանավորվել է Կիևի հետ՝ վերսկսելու հետախուզական տվյալների փոխանցումը։
Նա նաև ակնկալում է, որ Ուկրաինան կհամաձայնի ստորագրել գործարքը, որն ամերիկյան կողմին հնարավորություն կտա մասնակցել այդ հանրապետության օգտակար հանածոների արդյունահանմանը:
Միաժամանակ Թրամփը նշել է, որ ներկա դրությամբ Կիևը չի դրսևորել խաղաղությանն իր ձգտումն այնքան, որքան պետք է։
Ըստ Financial Times-ի՝ Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցությունների ժամանակ Կիևը կփորձի համոզել Միացյալ Նահանգներին վերսկսել հետախուզական և ռազմական աջակցությունը՝ վստահեցնելով Թրամփին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ցանկանում է շուտափույթ դադարեցնել Ռուսաստանի հետ հակամարտությունը։
Սաուդյան Արաբիայում առաջիկա բանակցությունների նախապատրաստման մասին տեղյակ պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ Կիևը մտադիր է Ռուսաստանին առաջարկել մասնակի զինադադար՝ կապված անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների հարվածների, ինչպես նաև Սև ծովում ռազմական գործողությունների հետ: Ուկրաինան հուսով է, որ «բանակցություններում առաջընթացը կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնը հրաժարվի հետախուզական տեղեկատվության փոխանակումն ու զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումից»,- ասվում է նյութում։
Միաժամանակ, NBC News-ն էլ հայտնել է, որ ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ հանքարդյունաբերության գործարքը բավարար չի լինի, որպեսզի Թրամփը վերականգնի օգնությունը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը: Նյութում նշվում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Զելենսկին փոխի իր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ և մտածի Ուկրաինայում ընտրության կամ նույնիսկ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին։