Այցելեցի Անիի ընտանիքին՝ հետաքրքրվելու երեխաների և ընտանիքի անդամների առողջական վիճակով, նրանց առողջապահական և այլ կարիքներով, որոնք անհրաժեշտ են այս փուլում։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կից տեսանյութ հրապարակել։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Մուսաևը երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Մուսաևը սեպտեմբերի 26-ին լքել է ծառայության վայրը։ Հայաստանի ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը դրա մասին հայկական կողմին տեղեկացրել է սեպտեմբերի 29-ին, իսկ հայկական կողմը դեպքի մասին հայտնել է հոկտեմբերի 1-ին։
Մուսաևը հայտնվել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նա գիշերել է գյուղի տներից մեկում՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։ Հոկտեմբերի 1-ին նա կրակել է գյուղի բնակչուհու ուղղությամբ։
Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ Բուժօգնության են դիմել նաև նրա 12 և 15 տարեկան երեխաները։ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։
Շաքիում մտահոգություն են հայտնել նաև այն հանգամանքի առնչությամբ, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է դեպքից մի քանի օր անց։
