Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում են բնակավայրերի գազաֆիկացման լայնածավալ աշխատանքները։ Տարիներ շարունակ տեղացիների համար բաղձալի բնական գազն արդեն հասել է Փարվանա գյուղ, որտեղ վառվել է խորհրդանշական ջահը։
Փարվանա և Տամբովկա գյուղերում գազաֆիկացման աշխատանքների մեկնարկը կարևոր քայլ է բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։
Ինչպես նշել է Տամբովկայի թեմի համայնքային ներկայացուցիչ Մասիս Աղայանը, աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ՝ Վրաստանի պետական աջակցության, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության հետևողական աշխատանքի և SJGC գազամատակարար ընկերության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։
Կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 1-2 ամսվա ընթացքում, անցկացվել է շուրջ 9 կիլոմետր երկարությամբ գազատար խողովակաշար՝ բնական գազը Փոկա գյուղից հասցնելով Փարվանա։
Այս պահին ներքին մոնտաժային աշխատանքների շուրջ 90 տոկոսն արդեն ավարտված է։ Մնում է տեղադրել գազի հաշվիչները և գազատար խողովակները միացնել բնակիչների տներին։ Նախատեսվում է, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում Փարվանայի յուրաքանչյուր բաժանորդի տանը արդեն բնական գազ կվառվի։
Գազաֆիկացման ցանցը Փարվանայից աստիճանաբար ընդլայնվում է նաև դեպի Տամբովկա գյուղ։ Ակնկալվում է, որ մինչև հոկտեմբերի վերջ այստեղ ևս կվառվի խորհրդանշական ջահը, և Տամբովկան ամբողջությամբ կապահովվի բնական գազով։
Գյուղական բնակավայրերում բնական գազի հասանելիությունն ունի ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն։ Եթե տարիներ առաջ հեռավոր գյուղերում նման հարմարավետությունը դժվար էր պատկերացնել, ապա այսօր բնական գազը դարձել է բնակիչների առօրյայի, ընտանիքների բարեկեցության և արժանապատիվ կենսապայմանների կարևոր բաղադրիչ։
Փարվանայում խորհրդանշական ջահի վառվելը ոչ միայն ենթակառուցվածքային ծրագրի ավարտված փուլի խորհրդանիշ է, այլև տարիներ շարունակ սպասված փոփոխության իրականացման վկայություն։
