Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի հայտնի «Garden Hall» սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգ։
Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իր խոսքում Աշոտ Սմբատյանը նշել է, որ անկախությունը հայ ժողովրդի բարձրագույն արժեքներից է, պետականության, ինքնիշխանության և ազատ ու ժողովրդավարական ապագայի հիմնասյունը։ Նրա խոսքով՝ այն ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ ամրապնդելու պետությունը, ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը և կառուցելու զարգացած ու բարեկեցիկ Հայաստան։
Դեսպանը ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ համոզված լինելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի կայուն զարգացման, տնտեսական համագործակցության և ժողովուրդների բարեկեցության համար։
Այս համատեքստում Աշոտ Սմբատյանը կարևորել է բարեկամ Վրաստանի կառուցողական դերը և երկու երկրների ռազմավարական գործընկերությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և փոխվստահության ամրապնդման կարևոր գործոն։
Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ երկու երկրներին ու ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, եղբայրությունը, պատմամշակութային ընդհանրությունները և ամուր մարդկային կապերը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր ելույթում նշել է, որ երկու հարևան և եղբայրական ժողովուրդների համար անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության արժեքներն առանձնահատուկ նշանակություն ունեն։
Նրա խոսքով՝ մարտահրավերներով լի այսօրվա աշխարհում երկու երկրներն անում են առավելագույնը՝ պաշտպանելու իրենց ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը և իրենց ձգտումներին համապատասխան կառուցելու խաղաղ ու բարգավաճ հասարակություն։
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է նաև, որ Վրաստանն ու Հայաստանը կապում են դարերի ընդհանուր պատմությունը, հարուստ մշակութային կապերը, ջերմ մարդկային հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի և քաղաքային խորհրդի պատգամավորներ, կառավարության անդամներ, գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան վրացի պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև Վրաստանի հասարակական, գործարար և մշակութային շրջանակների ու վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Տոնական համերգի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել հատուկ Հայաստանից հրավիրված քանոնահար, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանը և նրա սաները՝ Քրիստինե Ենգոյանը, Միլենա Մկրտումյանը և Մերի Մուսինյանը։
Ընդունելության ընթացքում ցուցադրվել են նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տեսահոլովակներ։
