Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն Ռեզաի

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն Ռեզաի


Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից։

«Հարստացված միջուկային նյութերի ոչ մի մասնիկ դուրս չի գա Իրանից։ Այդ նյութերն Իրանի ժողովրդի կարևորագույն ակտիվն են, ազգային հարստությունը, որը կօգտագործվի երկրի ներսում»,- այս հայտարարությունը Ռեզաին արել է Պակիստանի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ՝ հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ռեզաին կրկնել է Իրանի դիրքորոշումը, որ Թեհրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, մինչև ամերիկյան ղեկավարությունը չսկսի վստահություն ներշնչել։ «Իսկ նման վստահության ձևավորման սկիզբն Իրանի պայմանների կատարումն է»,- ընդգծել է քարտուղարը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանից պահանջել էր հրաժարվել հարստացված նյութերի իր պաշարներից։ Սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Fox News-ին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանի իր պաշարներից՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու դեպքում: Նա ընդգծել էր, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային ռումբ ստեղծել։