Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել, քանի որ Ռուսաստանից որևէ ազդանշան չի երևում, որ Մոսկվան պատրաստ է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ։ Այդ մասին CNN-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով՝ նախագահ Թրամփի գաղափարն ավելի շատ ռիսկեր է պարունակում Եվրոպայի, քան Ուկրաինայի համար։

«Մենք Եվրոպայի մաս չենք, մենք այդ ճանապարհին ենք, բայց Եվրամիության անդամ չենք։ Նաև ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Ուստի ես չեմ խոսում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անունից, բայց դա վտանգավոր է բոլորիս համար։ Մենք բոլորս ապրում ենք Եվրոպայում, և մենք պատրաստ չենք Յալթա-2 ձևաչափի։ Մենք չենք ուզում, որ Ռուսաստանը մեզ բաժանի։ Եվ, իհարկե, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն առանցքային հարցեր են ցանկացած անկախ պետության համար»,– ասել է Զելենսկին։

Նա կարծիք է հայտնել, որ առաջին հերթին պետք է քննարկել պատերազմն ավարտելու հարցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ մեծ համաձայնագիր է նախապատրաստվում, որը կազդի ամբողջ Եվրոպայի վրա։