COP17-ն ամենամեծ, մասշտաբային միջոցառումն էր, որ ՀՀ-ն հյուրընկալել է, նաև ամենամեծ քաղաքական պլատֆորմը, որը մենք ստանձնել ենք նախագահության իրավունքով: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Ըստ նախարարի՝ Հայաստանում կազմակերպված միջոցառումը COP-ի պատմության մեջ, հրապարակային արձագանքների համաձայն, ամենալավ կազմակերպված, ամենամասշտաբային, ընդգրկուն գագաթնաժողովն է եղել, որը առաջնորդների և նախարարների մասնակցությամբ ամենամասնակցայինն է եղել, բովանդակային առումով՝ ամենադժվարը, օրակարգի առումով՝ ամենածավալունն ու հաջողությամբ ավարտվածը, ինչը, ըստ Համբարձում Մաթևոսյանի, կարևոր հաջողություն է հենց ՀՀ-ի համար:
Ինչ վերաբերում է միջոցառման մասնակիցների թվին, ապա նախարարը տեղեկացրեց, որ գործել են երկու գոտիներ: Կապույտ գոտում, որտեղ եղել են պատվիրակները, մեկ օրվա կտրվածքով 7000-8000 մարդ է եղել, իսկ կանաչ գոտում 1 օրվա կտրվածքով մինչև 50 հազար մարդ է այցելել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ:
«Միայն կապույտ գոտում գրանցված է եղել 17 հազար պատվիրակ, և եթե հանենք հայաստանյան պատվիրակներին, ապա կարող ենք վստահաբար ասել, որ առնվազն ունեցել ենք 15 հազար մասնակից»,- ասաց նախարարը:
Իսկ COP17-ի տնտեսական ազդեցության մասին հնարավոր կլինի խոսել տվյալ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին թվերն ամփոփելուց հետո:
