Իրանի պահանջները միանգամայն անիրատեսական են. Ռուբիո

Իրանի պահանջները միանգամայն անիրատեսական են. Ռուբիո


Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդն ավելի լավ կյանքի է արժանի, ոչ թե երրորդ աշխարհի երկրի կարգավիճակի։ Ռուբիոն, սակայն, վստահեցրել է՝ Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը միայն կուժեղանա։

«Օրինակ՝ Իրանը դեռ ունի փոքր քանակությամբ նավթ՝ բառացիորեն նավթի մի քանի խմբաքանակ, որոնք գտնվում են ծովում գտնվող լցանավերում։ Երբ այդ պաշարները սպառվեն, նավթի վաճառքից Իրանի գրեթե բոլոր եկամուտները կդադարեն։ Տնտեսական դժվարությունները, որոնք այժմ կրում են Իրանը և նրա ռեժիմը, հսկայական են, և դրանց հետևանքները կուտակվում են։ Ճնշումն օրեցօր ուժեղանում է։ Պատժամիջոցները գնալով խստանում են։ Ժամանակի ընթացքում դրանք ավելի ու ավելի շատ տնտեսական վնաս կհասցնեն»,– ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունն ինքն է սեփական ժողովրդին դատապարտում նման տառապանքների։

«Իրանը փոխհատուցում է պահանջում։ Բայց հենց Իրանը պետք է հատուցումներ վճարի, քանի որ հենց նա է ապակայունացրել տարածաշրջանը»,– ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ Իրանի պահանջները միանգամայն անիրատեսական են։