Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի․ Պուտին

Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի․ Պուտին

Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ արվում է ամեն ինչ` խաղաղ բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար։ Պուտինը նշել է՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն ընթանում է ժամանակացույցի խիստ պահպանմամբ։

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) — Հատուկ ռազմական գործողությունից առաջ անիմաստ արյունահեղությունից խուսափելու նպատակով Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով առաջարկվել է չներգրավվել ռազմական գործողություններում, այլ պարզապես դուրս բերել զորքերը Դոնբասից։ Չուզեցին: Դե ինչ, սա նրանց որոշումն էր։ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հատուկ գործողությունը կհասցվի ավարտին։ Ռուսաստանն իր անվտանգությունն ապահովելու այլ տարբերակ չուներ։ Մոսկվան երբեք թույլ չի տա Ուկրաինան որպես հարթակ օգտագործել Ռուսաստանի դեմ։

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանի դեմ մի շարք երկրների և կազմակերպությունների սահմանած պատժամիջոցներին, շեշտել՝ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի գիտակցված և երկարաժամկետ ռազմավարությունն է։ Պուտինի խոսքով` Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները հարվածում են հենց եվրոպացիներին և ամերիկացիներին, ինչպես նաև ողջ համաշխարհային տնտեսությանը։

ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանում սոցիալ-տնտեսական կայունության և բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների մասին»։

«Տեղի ունեցածը դաս էր Ռուսաստանի ազգային բիզնեսի համար․ սեփական երկրում ներդրումներ կատարելուց ավելի կարևոր բան լինել չի կարող», — ընդգծել է Պուտինը

Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) — Արդյո՞ք մեր խնդրածը մեծ բան է։ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի․ դա մեզ համար շա՞տ է։ Եթե շատ է, ահա այլընտրանք՝ մեզ C-300 և հակաօդային պաշտպանության այլ համակարգեր տրամադրեք

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապի միջոցով դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին։ Նա ամերիկացի օրենսդիրներին հորդորել է պատժամիջոցներ կիրառել բոլոր ռուս քաղաքական գործիչների դեմ, ինչպես նաև պահանջել, որ բոլոր ամերիկյան ընկերությունները լքեն Ռուսաստանը։

Նախագահն առաջարկել է նաև նոր միջազգային կառույց ձևավորել։

«Պատասխանատու երկրների դաշինք, որը 24 ժամվա ընթացքում հակամարտություններն անհապաղ դադարեցնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուժ և կարողություն կունենա»,- ընդգծել է Զելենսկին։

Նախագահը հայտնել է նաև, որ Ուկրաինան դարձել է «Էներգետիկ Եվրոպական միության» անդամ։

«Այժմ մեր էլեկտրաէներգիան փոխանցվում է դեպի Եվրոպա, իսկ եվրոպականը՝ Ուկրաինա: Շնորհակալ եմ ԵՄ անդամներին, անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին և բոլոր նրանց, ում շնորհիվ մենք այժմ ունենք միասնական էներգետիկ համակարգ», — Թվիթերի միկրոբլոգում գրել է Զելենսկին:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն:

Լավրովը նշել է, որ չնայած Ուկրաինայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա են որոշակի տարաձայնություններ, Մոսկվան ողջունում է Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը։ Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուկրաինական կողմի հետ բանակցությունները՝ ԱԳ նախարարների մակարդակով, Թուրքիայի ներգրավմամբ։

Չավուշօղլուն իր հերթին ընդգծել է՝ Անկարան ցանկանում է, որ ճգնաժամը ավարտվի խաղաղ ճանապարհով։

«Պատերազմներում հաղթողներ չկան», — հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը որոշումներ են կայացվել հիմնականում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և հրադադար հաստատելու վերաբերյալ։ Նա ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Թուրքիայում։

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար փաստաթղթեր են նախապատրաստվում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Այս պատերազմը դադարեցնելու միակ միակ ճանապարհը երկու նախագահների միջև ուղիղ բանակցություններն են: Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հենց այդ ուղղությամբ են աշխատում՝ փատաթղթերի, որոնք նախագահները կարող են բանակցելուց հետո ստորագրել: Ակնհայտ է, որ դա կարող է շուտով տեղի ունենալ»,- հայտնել է Պոդոլյակը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան չի բացառում Պուտինի և Զելենսկու հանդիպումը, սակայն ռուսական կողմը պետք է համոզվի, որ նման հանդիպումն ինքնանպատակ չէ և ուղղված է կոնկրետ համաձայնությունների հասնելուն։

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստը։ Օրակարգում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետևանքներն ու անվտանգային հարցերն են։

Հանդիպմանը հրավիրված են նաև Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի պաշտպանության նախարարները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքի անդամ երկրները որոշել են շարունակել ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

«ՆԱՏՕ-ն պետք է վերանայի հավաքական զսպման իր միջոցները և ավելացնի ներկայությունը արևելյան հատվածում: Դաշինքի երկրները, սակայն, միաձայն են, որ Ուկրաինայի տարածքում և երկնքում ՆԱՏՕ-ի ուժեր չեն լինելու։ Խաղաղապահ առաքելություն երկիր նույնպես չի ուղարկվի»,- նշել է նա։

Մարտի 24-ին էլ նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։