Գրանցվել է փլուզման 22, հրդեհի՝ 5 դեպք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Գրանցվել է փլուզման 22, հրդեհի՝ 5 դեպք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2022 թվականի մարտի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 940 զանգ:
 
Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով մարտի 20-ից ԱԻ պետական ծառայությունը շարունակել է համակարգված աշխատանքներ կատարել՝ արտակարգ դեպքերին ու պատահարներին արձագանքելու և դրանց հետևանքների վերացման համար:
 
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը արձագանքել են փլուզման վերաբերյալ 22 ահազանգի: Բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչների համար վտանգ ներկայացնող փլուզումների մաքրման համար:
 
Ստեփանակերտում և ԱՀ շրջաններում աշխատանքներ են տարվել մարդկանց բնականոն տեղաշարժի, երթևեկության համար վտանգ ու խոչընդոտ հանդիսացող ծառերի հատման և այլ անցանկալի պատահարների կանխարգելման վերաբերյալ կանչերին: Անվտանգության ապահովման նպատակով մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը:
 
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 7, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 33 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 18 կանչի:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Բոլոր դեպքերը ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:
 
Նշված հրդեհներից մեկը գրանցվել է տրանսպորտային միջոցում՝ Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում:
Մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում:
Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:
 
Մարտի 27-ին՝ ժամը 15:15-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին. ըստ նախնական տվյալների՝ այրվելիս է եղել բնակելի տուն:
 
Ժամը 15:16-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով մարտական հաշվարկը մեկնել է դեպքի վայր: Ժամը 15:16-ին դեպքի վայր է ուղարկվել նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գազաբալոնային համակարգի՝ գազի արտահոսքից այրվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակչին պատկանող՝ բնակելի տան նկուղային հարկի կախովի առաստաղը՝ 1,5 x 1,5 մ հատվածը:
Հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով:
 
Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: