ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը», որը երկու երկրների միջև հաստատում է ամուր ռազմավարական գործընկերություն օրենսդրական մակարդակով,- այս մասին տեղեկատվություն է տարածում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, օրինագիծը 2021 թվականի փետրվարի 8-ին Ներկայացուցիչների պալատում կրկին ներկայացրել են Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ջերի Քոնոլին (դեմոկրատ) և Ադամ Քինզինգերը (հանրապետական): Օրինագիծը ներկայումս ունի ընդհանուր առմամբ 19 համահեղինակ՝ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական ​​կուսակցություններից:
Ըստ Վրաստանի ԱԳ նախարարության, «Վրաստանին աջակցող ակտն» ընդգծում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Վրաստանին՝ որպես ՆԱՏՕ-ի հավակնորդ երկրի, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների՝ երկրի ապագան, արտաքին ու անվտանգության քաղաքականությունը որոշելու իրավունքը, առանց այլ երկրների միջամտության կամ պարտադրանքի։
«Երկկուսակցական օրինագիծը դատապարտում է մարդու իրավունքների խախտումները, ապօրինի ձերբակալությունները և առևանգումները Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում և Ցխինվալի շրջանում, այդ թվում Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարուլիի սպանությունները, ինչպես նաև հանդես են գալիս նախաձեռնությամբ պատժամիջոցներ սահմանել այդ անձանց սպանությունների մեջ մեղադրվողների հանդեպ։ Օրինագիծը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը լիովին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև նպաստել Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի շրջաններում միջազգային անվտանգության մեխանիզմների ստեղծմանը և բռնի տեղահանված անձանց իրենց տներ անվտանգ վերադարձին:
Օրինագիծը հատուկ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-Վրաստան պաշտպանական և անվտանգության համագործակցությանը և ուժեղացնում է Վրաստանի պաշտպանունակությունը, և պետքարտուղարին հանձնարարում է ներկայացնել Վրաստանի հետ ապագա համագործակցության հնգամյա ռազմավարությունը։
Օրինագիծը նաև կոչ է անում ԱՄՆ-ի վարչակազմին արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ուժեղացնելու Վրաստանի կարողությունները ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարում», – ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ որպես հետագա քայլ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն հաստատված օրենսդրական ակտի նախագիծը կուղարկվի Սենատ։ Եթե ​​օրինագիծը հաստատվի Սենատի համապատասխան հանձնաժողովների և Սենատի լիագումար նիստի կողմից, այն կուղարկվի Միացյալ Նահանգների նախագահին, իսկ ստորագրման դեպքում Վրաստանին սատարող ակտը կմտնի ուժի մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։