Եվրամիության երկրները կձևավորեն աշխատանքային խումբ, որը կգնահատի Միությունում սպառողների համար գազի մատակարարման հետ կապված իրավիճակը: Խմբի առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 5-ին Սոֆիայում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի բնապահպանական անցման նախարար Բարբարա Պոմպիլին։
«Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը Լեհաստան և Բուլղարիա գազի մատակարարման ոլորտում։ Այդ երկրներից իմ գործընկերները հայտնել են, որ մոտ ժամանակներս սպառողների և արդյունաբերության համար գազի մատակարարման ընդհատումների խնդրի չեն բախվի։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այդ նպատակով ձևավորում ենք տարածաշրջանային աշխատանքային խումբ»,- ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ ձեռնարկվող միջոցները պետք է թույլ տան մեղմել ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման ազդեցությունը, այդ թվում՝ նոր աղբյուրների հաշվին:
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն դեռևս չի կարող ամբողջությամբ այլ մատակարարումներով փոխարինել Ռուսաստանից ներկրվող բնական գազը: