Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որը վերաբերում է նավթի մատակարարմանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում հեղուկ գազի պահպանման և մշակման կայանի կառուցման մեկնարկի արարողությանը:
Միշելի խոսքով՝ կայանի կառուցումը կարևոր քայլ է տարածաշրջանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և ռուսական բնական գազից հրաժարվելու համար:
«Այդ կայանը մեզ ոչ միայն հնարավորություն կտա անկախ լինել էներգետիկ առումով, այլև թույլ կտա կյանքի կոչել երկարաժամկետ նպատակներ, որոնց մենք ուզում ենք հասնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը: