Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում

Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ մայիսի 18֊ին Ախալքալաքի կենտրոնում տոնական իրարանցում էր։ Ախալքալաքի մշակույթի տան «Ջավախք» եւ «Մուրջի» համույթները ազգային տարազներով ելույթներ ունեցան։

«Այս օրը Վրաստանում նաև ազգային տարազի տոնն է, մենք յուրաքանչյուր տարի ազգային տարազով քայլերթ էինք կազմակերպում Ախալքալաքում, համավարակով պայմանավորված 2 տարի տոնը ինչպես հարկն է չնշեցինք, այսօր նորից վերադառնում ենք ավանդական հանդիսությանը»,֊ մեզ հետ զրույցում նշում է «Մուրջի» համույթի ղեկավար Գիորգի Մետրեվելին։

Ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանի խոսքով այսօր նախորդ տարիների համեմատ տոնն ավելի համեստ են նշում. «Բոլորովին վերջերս՝ պարի միջազգային օրվան նվիրված ազգային տարազով քայլերթ անցկացրինք, այդ պատճառով նույնն այսօր չկրկնեցինք, քանի որ հավելյալ ծախսերի հետ էր կապված գյուղական համույթներին քաղաք հասցնելը»,֊ նշում է Ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն, «Ջավախք» երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը, հավելելով՝ առաջիկայում «Ջավախքի գարուն» փառատոնն է եւ հանդիսատեսին դարձյալ տոն է սպասվում։

Մինչ մշակույթի տան համույթները ելույթ էին ունենում քաղաքի կենտրոնական այգում, ամբողջ օրվա ընթացքում այցելուների մուտքը Ախալքալաքի գավառագիտական թանգարան անվճար էր։
Թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանը ասում է, որ յուրաքանչյու տարի այս օրը իրենք եւս միանում են բաց դռների օր ակցիային։ «Կոչ եմ անում բոլորին հաճախ այցելել թանգարան եւ ուրախալի է հատկապես այն փաստը, որ վերջերս նկատում ենք մեր մունիցիպալիտետի փոքրիկների այցելությունը թանգարան»,֊ մեզ հետ զրույցում նշում է Սեդա Համբարյանը։
Նշենք, որ Ախալքալաքի գավառագիտական թանգարանը  Ջավախքի մշակութային կյանքում  յուրահատուկ դեր է կատարում: Թանգարանում գործում են վեց բաժիններ` ժողովուրդների բարեկամության, Ջավախքի պատմության, Ջավախքի ազգագրության, պատերազմական փառքի, խորհրդային շրջանի, մտավորականների եւ Հայոց ցեղասպանության վավերագրության։

Latest posts by Sona Tonakanian (see all)