Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Սիրիային անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական միջամտություն՝ հայտնում է Interfax-ը:

«Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիան այլևս ռազմական գործողությունների կարիք չունի, այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական լուծում և մարդասիրական օգնություն»,- ասել է Դյուժարիկը։

Հայտարարություններն արվել են ի պատասխան նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծրագրերի։ Նա հայտարարել է, որ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել երկրի հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար՝ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում։

Իր հերթին, թուրք լրագրող Ռաջիփ Սոյլուն Twitter-ում գրել է, որ Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից վերահսկվող տարածքը։

Թուրք առաջնորդի խոսքով՝ գործողությունը կսկսվի հենց զինվորականները, հետախուզությունն ու անվտանգության ուժերն ավարտեն համապատասխան նախապատրաստական ​​աշխատանքները։