Հունիսի 19-ին Ֆրանսիայում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկության արդյունքում երկրի Ազգային ժողովում պարզ մեծամասնություն (բայց ոչ բացարձակ) ստացավ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ժան-Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes), իսկ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը երրորդն է, չորրորդը՝ «Հանրապետականներն» են։
Փորձագետները ենթադրում են, որ Ֆրանսիայի նախագահը խնդիրներ կունենա Ազգային ժողովի վերջին ընտրություններից հետո, քանի որ նրա կողմնակիցները չեն ստացել մանդատների բացարձակ մեծամասնությունը՝ գրում է BBC-ն։
Խորհրդարանում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնը ստիպված կլինի դաշնակիցներ փնտրել հակառակորդների մեջ, հավանաբար դա կլինեն «Հանրապետականները», քանի որ մելանշոնիտներն ու «Ազգային միավորումը» կոշտ դիմակայության մեջ են նախագահական կուրսի հետ։ Այս «համակեցությունը» Մակրոնին կստիպի փոխզիջումների գնալ, քննարկել, գտնել համախոհներ, ինչը կբարդացնի գործադիր իշխանության աշխատանքը՝ կարծում են վերլուծաբանները։