Սոցիալական նոր ծրագիր է իրագործվում Արցախի ճակատային գյուղերի բնակիչների համար

Սոցիալական նոր ծրագիր է իրագործվում Արցախի ճակատային գյուղերի բնակիչների համար


Ուշադրության կենտրոնում Արցախի ճակատային գյուղերն են: «Բառնաբաս» միջազգային հիմնադրամն Արցախի սահմանապահ 7 համայնքում աջակցում է գյուղացիների զբաղվածության ապահովմանը:
Ազատուհի Սիմոնյան (Արցախի նախագահի խորհրդական) — Թաղավարդում բոլոր ընտանիքներին տալու ենք 2-ական խոզի գոճի՝ էգ և որձ, Կարմիր շուկայում թվով 80 ընտանիքի նվիրաբերելու ենք 3-ական ոչխար, Շուշիի 4 գյուղերում՝ Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր և Եղցահող, ընտանիքներին տալու ենք 5-ական մեղվափեթակներ՝ մեղվաընտանիքներով հանդերձ, և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի բոլոր ընտանիքներին տալու ենք նորից 3-ական ոչխար:
2020-ի պատերազմի ժամանակ Թաղավարդի կեսն օկուպացվել է, մյուս կեսում միայն մսուրային անասնապահության հնարավորություն ունեն:
Օլեգ Հարությունյան (Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար) — Ուրիշ ձև չկա, պահվածքը մսուրային է: Եթե դուրս են գալիս կամ աջ կամ ձախ, բոլորն ադրբեջանցիներ են: Դրա համար մսուրային են պահում: Այս տարի էլ 135 հա աշնանացան ցորեն ունենք, սպասվում է բարձր բերք:
Կարմիր շուկայում ցուցակները ճշտել և 80 ընտանիքի մայրացու 3-ական ոչխար են տրամադրել: Ծրագրի նախաձեռնողն ու պատասխանատուն սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանն է: Շահառուների թվում կան տեղահանված, պատերազմից տուժած ընտանիքներ:
Ազատուհի Սիմոնյան (Արցախի նախագահի խորհրդական) — Դիմել ենք համայնքին՝ ո՛վ է ցանկանում, ոչ թե որ բոլորին կամ պարտադիր: Իրականում 80 ընտանիք է ցանկացել, որը համայնքի բնակչության կեսից ավելին է կազմում: Նրանք ունեն և՛ հնարավորություն, և՛ ցանկություն, և՛ գիտելիք, որովհետև ոչխարաբուծությունն այդքան էլ հեշտ չէ:
Անասուններն ու փեթակները ճակատային գյուղերի բնակիչները ստանում են անհատույց: Ծրագրի պատասխանատուները հորդորում են չվաճառել, այլ բազմացնել չորքոտանիներին և մեղուներին՝ ապահովելով մշտական եկամուտ: Որպեսզի բարեգործությունը նպատակին ծառայի, շրջանային գյուղբաժինները պարբերաբար դիտարկում կանեն:
Մասիս Զարգարյան (Արցախի Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ) — Միանշանակ մոնիթորինգի էֆեկտն անհրաժեշտ է, քանի որ պետք է գյուղացիներին համոզել, որ բարեգործությունը մեկանգամյա սնունդ կամ մեկանգամյա օգտագործման համար չի, այլ պետք է իր համար դառնա եկամտի աղբյուր, ինչու չէ՝ սննդի ապահովման աղբյուր:
Բարեգործական ծրագիրն իրականացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջնորդությամբ: